Համագործակցային նախագիծ Ժիրայր Չոլաքյանի հետ

Բեմականացումը պահանջում է ներդնել շատ ավելի մեծ ջանք ու եռանդ, ակնկալում է մեծ խմբի աշխույժ համագործակցային աշխատանք և ինչն ամենակարևորն է՝ կերտվածքի դիտարկում տարբեր տեսանկյուններից։ Մեր կրթահամալիրի ավ ընկեր Ժիրայր Չոլաքյանի հետ, ով մեծ սիրով և պատրաստակամությամբ հանդես եկավ՝ միասին ձեռք ենք բերել համագործակցություն։Այդպիսով, տրվել է մեկնարկ մի նոր համագործակցային նախագծի, որի իրագործողներն են կրթահամալիրի Ավագ դպրոցի ինքնավար թատերական ակումբն ու արևմտահայ արվեստագետ Ժիրայր Չոլաքյանը։ Նախագիծ, որը խոստանում է նոր շունչ հաղորդել մինչ այս դպրոցում բեմադրված ներկայացումներին։ Քանի որ առաջարկվող պիեսն ինքնին տարբերվող է և յուրահատուկ այն բանով, որ բեմականացման ստանդարտ չափորոշիչներից շեղվում է։ Եվ հարկ է նշել, որ Գուրգեն Մահարու հետևյալ ստեղծագործությունը նախկինում երբեք չի բեմադրվել։Եվ ինչու՞ չդիմել ռիսկի և հանդես չգալ նմանատիպ բեմականացումով, հատկապես, երբ մեր թատերական ակումբի նպատակներից է ընդունել թատրոնի և ոչ ստանդարտ ներկայացումների նետած մարտարհրավերը, անկախ դրանց բնույթից և ընթացքից։ Դարձնել դրանք հանրամատչելի, ժամանակակից պահանջներին համապատասխան և ներկայացնել յուրահատուկ ոճով։Ժիրայր Չոլաքյանի հետ միասին ծանոթացանք Մահարու «Մուտք» պիեսին, որն ուղղակի փայլում էր իր երգիծական հատվածներով, սատիրայի չափաբաժնով և ժամանակի հավաքույթներին համապատասխան զրույցներով ու մտքերով։ Միասին փորձեցինք հասկանալ պիեսի գաղափարը, ասելիքը, արդիականությունն ու կարևորությունը։ Հատկանշական է, որ պիեսում արծարծված մտքերը, գաղափարական բախումները, հնչեցված գնահատանքն ու դիտողությունները լիիրավ համապատասխանում են ներկայիս հանրության մտքերին և մտածմունքներին։ Միայն թե ոճն է փոխվել, միջավայրը, կերպարներն ու անունները։ Բայց միևնույն է՝ ասելիքն ու քննարկվող նյութը մնում են արդիական և համապատասխան ներկայիս իրադրությանը։Շատ գոհացուցիչ է այն փաստը, որ պիեսի բնույթից ելնելով՝ ակումբի բոլոր անդամները հավասարապես ներգրավվածություն կունենան բեմականացման աշխատանքներին, և գովելի է այն, որ հենց սկզբից նրանք ակտիվություն և հետարքրվածություն ցուցաբերեցին՝ քննարկում ծավալելու Ժիրայր Չոլաքյանի հետ և ներառվելու ներկայացման մեջ։Մի շարք հարցերի շուրջ ծավալված քննարկումներից հետո կարելի է ասել, որ հանդիպումը հաջողված էր։ Ակնհայտորեն, Չոլաքյանի առաջարկն ընդունվեց և թատերական ակումբը մեծ պատրաստակամությամբ մեկնարկ տվեց աշխատանքներին։Դե ինչ, այս ամենից հետո մեզ մնում էր միայն բարի ճանապարհ մաղթել մեր լավ ընկեր Ժիրայր Չոլաքյանին և արդեն ակումբի ներսում՝ անդամներով իրականացնել հետագա բարդ ու պատասխանատու աշպատանքը։ Ուրախ էինք կրկին անգամ հյուրընկալել Ժիրայր Չոլաքյանին մեր կրթահամալիրում, շնորհակալ ենք նրան՝ այսպիսի հետաքրքիր առաջարկության համար, մաղթում ենք բեղուն ստեղծագործական աշխատանք՝ ապագայում կրկին հանդիպելու հույսով։Թատերական ակումբի հերթական հետաքրքիր հավաքներից մեկն էր, երբ մենք ընթերցեցինք Գ․ Մահարիի «Մուտք>»-ը, որպեսզի մոտակա ապագայում բեմադրենք այն։ Մենք ևս մեկ անգամ կարդացինք այն, քննարկեցինք, արտահայտեցինք տարբեր կարծիքներ ու անցանք գործի։ Ամեն մեկս խոսեց նրա մասին, թե ում է պատկերացնում այ կամ այն դերում։ Տարբեր անդամներ սկսեցին կարդալ տարբեր հերոսների խոսքերը, որպեսզի հասկանալի լինի, թե ով է ավելի շատ համապատասխանում տվյալ դերին։ Մենք որշեցինք հաջորդ հանդիպմանը կատարել դերաբաշխում։Հաջորդ հանդիպմանը մենք նորից վերհիշեցինք սցենարը, հետո սկսեցինք դերաբաշխումը։ Ամեն մեկս հանդես էր գալիս այս կամ այն մարդու դերում, փորձում էինք այս կամ այն տեսարանը տարբեր ձևերով ու դերասանական խաղի մատուցմամբ խաղալ։ Երբ մեկը հանդես էր գալիս ինչ-որ կերպարի դերով մենք քննարկում էինք, խոսում միմյանց հետ, որպեսզի հասկանանք, թե արդյոք այդ մարդը կարողանում է կերտել այդ հերոսի կերպարը թե ոչ։ Երկար քննարկումներից հետո մենք վերջապես կատարեցինք դերաբաշխում։



One response to “Համագործակցային նախագիծ Ժիրայր Չոլաքյանի հետ”

  1. […] Ավագ դպրոցի թատերական ակումբի բլոգ […]

    Like

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started