Թումանյանական հուշեր|Թբիլիսի

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր կյանքի 54 տարիների ընթացքում հասցրել է գործել բազում սխրանքներ և մեր ազգին թողել շատ հարուստ ժառանգություն։ Ավելի քան մեկ դար առաջ կյանքից հեռացած բանաստեղծի թողած ավանդը մինչ համարում են բարձր մակարդակի ազգային արժեք և հպարտանում Հովհաննես Թումանյան կերպարով։
Օրերս մեր թատերական ակումբը նույնպես անդրադարձավ մեծն բանաստեղծին՝ բեմադրելով նրա կյանքին նվիրված փոքրիկ ներկայացում՝ իր իսկ տանը։ Ներկայացման մտահղացման և սցենարի սկզբնական տարբերակի հեղինակը կրթահամալիրի գրականության ուսուցչուհի Տիկին Սոֆյա Այվազյանինն էր, ով դեռևս ամիսներ առաջ բեմադրել էր նմանատիպ ներկայացում՝ դպրոցի շրջանակներում։ Այս անգամ նա մեզ առաջարկեց այդպիսի մի ներկայացում բեմադրել այս անգամ արդեն Թբիլիսիում՝ Թումանյանի տանը։ Նա պատրաստակամորեն մեզ հանձնեց ներկայացման սցենարը, որը հետագայում դառնալու էր մեր բեմադրության սյուժեի հիմքը։ Թատերական ակումբը սիրով ընդունեց Տիկին Սոֆյայի առաջարկը և համաձայնեց հավաքել դերասանների փոքրիկ խումբ, ովքեր կարող էին և պատրաստակամ էին ներգրավվելու ներկայացման կազմում և իրականացնելու նախագիծը։
Սակայն, նախ և առաջ պետք էր վերամշակել սցենարը և կերտել ընդհանուր սյուժեն։ Որոշեցինք կենտոնանալ Թումանյանի կյանքի առավել հայտնի և գերակշիռ մասը կազմող իրադարձությունների վրա։ Բնաստեղծի գրական ձեռքբերումներից հատկապես հայտնի է իր կողմից «Վերնատուն» գրական խմբակի հիմնումը, դրա գործունեությունն ու հայտնի անդամները։ Որոշեցինք նաև անդրադառնալ Թումանյանի «Դառնացած ժողովուրդը» հոդվածին, որտեղ գրողը շատ սուր մեկնաբանություններ է կատարում մարդկության արատավոր բնավորության վերաբերյալ, ներկայացնում մեր ազգի կերպարի հակառակ կողմը, վեր հանում այն ցավն ու հիվանդությունը, որով մեր ազգը մինչ օրս տառապում է։ Եվ իհարկե, չէինք կարող Թումանյանի կյանքի մասին պատմող ներկայացման մեջ չընդգրկել իր ընտանիքը և այն հայտնի պատմությունները, որոնց քիչ թե շատ ծանոթ ենք։
Եվ այդպես, մեկ ամբողջական օր աշխատելուց հետո, ունեցանք մեր սցենարի լրամշակված տարբերակը։ Այսպիսով, մենք ունեինք սցենարը և մեկ շաբաթ բեմադրական աշխատանքներն իրականացնելու համար։
Քանի որ արդեն ունեինք հաստատված կազմ, մեր գործը հեշտ էր։ Մնում էր նույն պատրաստակամությունը հաղորդել կազմի անդամներին և այդ մեկ շաբաթը անցկացնել առավելագույնս արդյունավետ։ Եվ ահա, մեկշաբաթյա անդադար փորձերից և աշխատանքներ տանելուց հետո եկավ պատասխանատու պահը, երբ խմբով ուղևորվեցինք Թբիլիսի՝ բեմադրելու ներկայացումը։



ՈՒրախությամբ ենք հայտնում, որ բեմադրությունն անցավ շատ հարթ և գեղեցիկ, հատկապես գոհացուցիչ էր հանդիսատեսի տպավորիչ արձագանքը ներկայացումից հետո։ Եվ քանի առիթ էր ընձեռվել, թանգարանի էքսկուրսավարը ճամփորդող խմբին պատմեց այդ տան պատմությունը, հետաքրքիր դրվագներ Թումանյանի կյանքից և վերջում ունեցանք թումանյանական ընթերցումներ և ասմունքներ։ Շնորհակալություն ենք հայտնում Թբիլիսիում Թումանյանի տուն-թանգարանի տնօրինությանը՝ մեզ հյուրընկալելու, հետաքրքիր էքսկուրսիա կազմակերպելու և այնտեղ բեմականացում իրականացնելու հնարավորությունն ընձեռելու համար։
Դե ինչ՝ բեմադրության ավարտից հետո, երբ բոլորս արդեն ուրախ և հանգիստ էինք, որ պատվով կատարել ենք մեր գործը, մեզ մնում էր միայն վայելել հաջորդող օրերը Թբիլիսիում։ Հատկապես տպավորիչ էր մայրաքաղաքում գործող՝ դեռևս կառուցման փուլում գտնվող, հայկական պետական թատրոն այցելությունը, որը աշխարհում միակ հայկական պետական թատրոնն է, որ գտնվում է Հայաստանից դուրս։ Պետք է ասեմ, որ շատ տպավորված էին թատրոնի ճարտարապետության բարձր ոճով և նրբագեղության բարձր մակարդակով։ Մեր խումբը պատիվ ունեցավ այցելելու դեռևս կառուցվող այդ թատրոնը, քանի որ նախկինում դեռևս ոչ մի նման խմբի չի թույլատրվել այդպիսի այցելություն կատարել։ Այդ իսկ պատճառով խումբը շատ տպավորված էր։ Այդ օրերին այցելեցինք նաև մի շարք հայկական եկեղեցիներ, դպրոցներ, կրթարաններ, որտեղ էլ և ծանոթացանք նրանց աշխատանքին, ուսման ընթացքին, պատմությանը և անցկացրինք հիանալի ժամանակ՝ դպրոցի սաների հետ միասին։ Շատ գովելի և հպարտանալու փաստ է, երբ հարևան երկրումդ չեն մոռացել ազգիդ մշակույթի, պատմության և կրոնի մասին։ Այլ ընդհակառակը, շարունակում են հիմնել հայկական կենտրոններ, տարածել հայկական մշակույթը և ճանաչելի դարձնել հայ ազգն ու նրա արժեքները։
Ինչպես տեսնում եք՝ այս օրերի ընթացքում բազմաթիվ բաներ ենք հասցրել անել, բազում տեղեր այցելել և արդյունքում ունենալ անմոռանալի հիշողություններ ու տպավորություններ։ Այս ամենի համար նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ճամփորդության կազմակերպիչներին, առանց որոնց անհնար կլիներ այս բոլոր այցելություններն ու շրջագայությունները։ Շատ դրական լիցքերով և տպավորություններով վերադարձանք հայրենիք՝ հույս ունենալով, որ այսպիսի նախագծեր և հետաքրքիր շրջագայություններ ապգայում դեռ շատ կունենանք։

Լուսաբանումը` Արի Ագոփի



One response to “Թումանյանական հուշեր|Թբիլիսի”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started